Рубрика: Ուսումնական ձմեռ, մայրենի, Ընթերցարան

Ձմեռային ընթերցարան

ՁՄԵՌՆ ԵԿԱՎ

Աշնան օրերն անցան երգով,
Ծաղիկներով քաղցրաբույր,
Եվ ձմեռը պաղ շշուկով
Մեր աշխարհին եկավ հյուր:

Չորս կողմ փռեց փափուկ սավան,
Դաշտը դարձրեց ճերմակ ծով.
Ծիլ ու ծաղկին տվեց հրաման.
– Քնեք խաղաղ, ապահով:

Ասաց.
– Սիրո՜ւն ծիլ ու ծաղկունք,
Հողի անուշ բալիկներ,
Սառնամանիք, մրրիկ ու բուք
Չեն խանգարի քունը ձեր:

Քնեք երգիս լուռ կարկաչով,
Անհոգ, անվիշտ, անկարիք,
Եվ արթնացեք գարնան կանչով,
Որ տաք հազար բերք, բարիք:

Մկրտիչ Կորյուն

ԾԱՂԻԿՆԵՐԸ

– Ո՞ւր գնացին ծաղիկները:
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:

Հովհաննես Թումանյան

ՁՄԵՌ

Նորից ձյուն է մարմանդ իջել,
Ճերմակ երազ փռել ճամփին,
Ցրտից ծառերն են կծկվել
Իմ Եղեգիս գետի ափին:

Գլխին դրած ճերմալ գլխարկ
Ժայռն է կապել սառցե գոտի,
Ու սառույցի կալանքի տակ
Մեղմացել է երգը գետի…

Գյուղն է բազմել ձորի ափին
Ու հեքիաթն է լսում ձմռան՝
Կանա՜չ-կանա՜չ գարնան մասին
Ու պատրաստվում եկող ամռան…

Վարդգես Խանոյան

ՓԱԹԻԼՆԵՐԻ ՏԱԿ

Փաթիլներն անիվ թիթեռների պես
Հանդարտ խաղալով իջնում են գետին,
Ճերմակ են հագել պուրակ ու պարտեզ,
Անտառ, այգեստան ու մարգագետին:

Մի փունջ մանուկներ ձյունապատ բակում
Խաղում են, սղղում, վազվզում զվարթ,
Նրանց աչքերը հուր են արձակում,
Այտերին՝ կարմիր նորափթիթ վարդ:

Զուգված սենյակից կանչում է, խնդրում
Ջերմ բոցկլտացով վառարանը տաք,
Բայց մանուկները խաղում են, խնդում
Ձյունի գեղեցիկ փաթիլների տակ:

Սարմեն

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

ՈՂՋՈՒՅՆ ՁՄԵՌ

Ճերմակ-ճերմակ, մի հաստ վերմակ
Իջավ հողին այս գիշեր,
Մի ձեռք թաքուն մեր ապակուն
Քաշեց սառցե բյուր նախշեր:
Երդիկներից ծուխը նորից
Ելնում է վեր, ինչպես սյուն:
Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,
Ավետում է, ավետում է,
Ձյուն, ձյուն,  ձյուն…

Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:

Մեղմիկ, թեթև իջան ներքև
Ճերմակ-ճերմակ փաթիլներ,
Պարտեզ, պուրակ ննջել են, տես,
Էլ չեն երգում առվակներ:
Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,
Ավետում է, ավետում է,
Ձյուն, ձյուն,  ձյուն…

Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:

Սուրեն Մուրադյան

Рубрика: Ուսումնական ձմեռ, մայրենի, Ընթերցարան

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Nader-Ebrahimi

Մարդու սիրտը

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…

Ուրախ սրտի մեջ

Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:

Ժլատ հորեղբայրը

Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…

Իմ փոքրիկ մեծ սիրտը

Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:

Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Աղբյուրը

  • Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

խճողել-Զոռով մտցնել, խցկել:

հևիհև-Շնչասպառ, շնչակտուր

  • Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  • Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Բնութագրիր այս պատվացքի տղային։

Բնութագրիր հորյեղբորը։

Նկարագրիր տղայի սիրտը։

  • Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Այս պատվացքը ինձ սովորեցնում է, որ շատ հոգատար, ազնիվ և բարի մարդ լինես։

  • Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Դատարկ սիրտը ես նմանեցնում եմ դատարկ տանը։

  • Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:

Տղայի սրտում չէր տեղավորվում ագահ հորեղբայրը, որովհետև նա վազում էր իր փողերի հետևից։

  • Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:

«Սիրտը նվիրել» ասելով հասկանում եմ սիրել։

  • Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Ես սիրտս կնվիրեմ իմ հարազատներին, որովհետև նրանց շատ եմ սիրում։

  • Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Այո, պատմությունը դուր եկավ։ Այն մի փոքրիկ բարի տղայի մասին է։

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը

Երջանիկ ընտանիքը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Կորած մանուկը

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Տխուր երիտասարդը

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Հետաքրքրասեր ճամփորդը

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Տղայի երազանքը

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մացառատ-Փշոտ թփաբույս:

շավիղ-Նեղ ճանապարհ, արահետ, կածան:

մտմտալ-Մտորել, մի բանի մասին շատ մտածել:

  • Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  • Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:

մտմտալ-մտածել

մեղմիկ-մեղմ

շավիղ-ճանապարհ

շնորհալի-տաղանդավոր

ուրախանում-զվարթ

շքեղ-պերճ

վերջալույս-մայրամուտ

կրակ-ջուր

տաք-ջերմ

  • Վերնագրիր առանձնացված հատվածները:
  • Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:

Տղան գտնում է իր իսկական մորը և հորը, նրանք գրկում են իրար ու համերաշխ ապրում են։

  • Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Նա կարոտում էր իր ծնողներին, բայց իրեն մեծացրած մարդկանց չպետք է թողներ։ Լավ կլիներ, որ բոլորը միասին ապրեին, որովհետև բոլորը մեծ էին և նրա օգնության կարիքն ունեին։

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Համո Սահյան Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:

կամեր-Կրոնավորի փոքրիկ սենյակ, ճգնարան, մենարան: Առհասարակ փոքրիկ և խղճուկ սենյակ, հյուղ:

մաճ-արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում:

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, դաստակ, խորհել, ակոս, շիկնել, պաղել:

շիվ-բարակ ու դալար ճյուղ։

պայտ-բանող անասունների (ձիու, ջորու, էշի, նաև եզան) սմբակի կամ կճղակի չափսով ու ձևով։

մարգ-բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր։

մանգաղ-Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:

դաստակ-ձեռքի այն մասը, որ թաթից մինչև նախաբազուկն է տարածվում:

խորհել-մտածել, մտքում դատել՝ կշռադատել, որոճալ:

ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում։

շիկնել-կարմրել, կարմրատակել, հուզմունքից՝ ամաչելուց ևն երեսը կարմրել:

պաղել-սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել:

  • Բնութագրիր պապին:

Պապը շատ աշխատասեր է եղել։ Նա այգեգործ էր, ձիապան էր, պատշար էր։ Նա շատ զգայուն է եղել։ Եվ մինչև կյանքի վերջ աշխատել է։

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Նուկիմ քաղաքին խելոքները

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

Նուկիմ անունով մի քաղաք է լինում, որտեղ երկու ձմեռ և մեկ ամառ է լինում։ Քաղաքի բնակիչները որոշում են պատգամավորներ ուղարկեն թագավորի մոտ և խնդրեն, որ իրենց քաղաքում մեկ ձմեռ և երկու ամառ լինի։ Պատգամավորները ճանապարհ ընկան։ Նրանք առաջին ավանի խանութում տեսնում են ինչ-որ կարմիր բան։ Խանութպանին հարցնում են, թե ուտելու բան է, և առնում են։ Տաքդեղը շատ կծու է լինում։ Նրանք հայհոյում են և ճանապարհ ընկնում։ Հաջորդ ավանի խանութում նորից անծանոթ բան են տեսնում։ Առնում են և նորից փորձում։ Խաղողը շատ համեղ է լինում։ Նրանք օրհնում են խանութպանին և ճանապարհ ընկնում։ Երրորդ ավանի խանութում սպիտակ բան են տեսնում։ Նորից փորձում են և շաքարը նրանց դուր է գալիս։ Մութն ընկնում է։ Պատգամավորները մի քսակ ոսկին, որը տանում էին թագավորին նվեր, կախում են նիզակի ծայրից և տնկում են հողի մեջ, իսկ իրենք պառկում են նիզակի շուրջը։ Գիշերը մի ճամփորդ է անցնում։ Նա տեսնում է նիզակի ծայրից կախված քսակը։ Վերցնում է ոսկին, քսակի մեջ հող է լցնում ևնորից կախում նիզակից։ Առավոտյան պատգամավորները գնում են թագավորի մոտ։ Նրանք իրենց որոշումը հայտնում են թագավորին և տալիս են քսակը։ Թագավորը տեսնում է քսակի հողը և փորձում է նրանց։ Հրամայում է, որ պատգամավորներին մատուցեն սալորի հետ խառնած բլոճներ։ Պատգամավորները առաջինը բլոճներն են ուտում, որ դրանք չփախչեն։ Թագավորը տեսնում է, որ նրանք շատ միամիտ են։ Պատգամավորներին համոզում է, որ մինչև նրանք հասնեն Նուկիմ, նրանց խնդրանքը կկատարվի։

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Ավետիք Իսահակյան | Ամենապիտանի բանը | համառոտ

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:- Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

Առաջադրանք

Դուրս գրիր անծանոթ բառերը

Շտեմարան-հացահատիկներ՝ ալյուր ևն պահելու շենք՝ շինություն, պահեստ, ամբար:

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Ստեփան Զորյան «Չալանկը»

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

արխալուղ-տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:

ահ-վախ, երկյուղ, վախի զգացում, տագնապ:

  • Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:

Արամը դասը ընդհատեց, որովհետև դրսում տեսավ վիրավոր շանը։

Շունը տարօրինակ նայեց Կարենին և ինչ-որ բան էր ուզում հասկացներ։

Ես ամեն օր զարթնում եմ և գնում դպրոց։

  • Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

Շնից մազ պոկելն էլ է օգուտ:

Երկու դռան շունը սոված կմնա:

Եթե երկու շուն իրար ընկան, թաղում կատու չի մնա:

Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։

Շունը շան թաթ չի կծի։

Շունը շան միս չի ուտի։

  • Վերնագրիր հատվածը:

Անհանգիստ Չալանկը

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Ստեփան Զորյան «Չալանկը»

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

հատընդհատ-ընդհատական, պարբերաբար ընդհատվող:

տարակուսով-երկմտել, վարանել, կասկածել, երկբայել:

հախուռն-համարձակ, խիզախ, բուռն, մոլեգին, կատաղի:

պատկառանքով-հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում, ակնածանք, ամոթի զգացում, ամոթխածություն:

քյոխվի-գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ:

քաղցած-սոված, անոթի։

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

գզիր-տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա, տանուտերի կատարածու:

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

Խելացի Չալանկը